Զամբյուղը դատարկ է

Տարածված սխալներ մազերն ինքնուրույն ներկելիս

01.02.2024
Տարածված սխալներ մազերն ինքնուրույն ներկելիս

Նախկինում և հիմա կանայք մազերը ներկում են բնական գույնը վերացնելու համար, ոմանք ուզում են թաքցնել սպիտակ մազերը, իսկ մյուսներն էլ ներկում են, քանի որ փոփոխությունների սիրահար են։ Կանանց մեծամասնությունը իրենց մազերի և արտաքինի խնամքը վստահում են միայն իրենց, դե իսկ մազերը ներկելը բացառություն չէ։

Տան պայմաններում մազերը  ներկելիս շատերը թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք կարող են վնասել մազերը։

Հիմնական տարածված սխալներն են՝ 

Ներկը քսել թաց մազերին

  • Սովորաբար ներկի փաթեթի վրա կամ ներդիր թերթիկում մանրամասն ներկայացված է լինում օգտագործման պայմանները։ Ներկը չի կարելի քսել թաց կամ խոնավ մազերին, քանի որ այն «կորցնում է ուժն» ու ավելի թույլ ազդեցություն ունենում, արդյունքում ստանում ենք ոչ ցանկալի արդյունք։ 

Խնայել ներկը

  • Մազերի ամբողջովին և հավասարաչափ ներկման համար հարկավոր չէ խնայել ներկը։ Սա հատկապես վերաբերվում է խիտ և երկար մազեր ունեցողներին, որոնց համար երբեմն անհրաժեշտ է լինում մեկ տուփից ավելի ներկ։

Ցուցված ժամանակից երկար թողնել ներկը մազերի վրա

  • Մազերը վնասելուց խուսափոլքւ համար հարկավոր է ներկը թողնել այնքան, որքան նշված է օգտագործման պայմաններում։ Մի մտածեք, որ ավելի երկար թողնելով ներկը մազերին ավելի լավ արդյունք կստանաք, այդ տարբերակով հնարավոր է մազերը վնասելուց բացի, վնասել նաև գլխամաշկը։

Նախքան ներկը քսելը, օգտագործել բալզամ

  • Ներկելուց առաջ չի թույլատրվում օգտագործել բալզամներ և մազերի այլ խնամքի միջոցներ։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ գունային հավասարության վրա։ Բալզամների օգտագործելու դեպքում ներկը դժվարությամբ է կատարում իր դերը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում բալզամն օգտագործել մազերը ներկելուց հետո։

Ներկը քսել շատ կեղտոտ մազերին

Երբ մազերը շատ յուղոտ են կամ մազերի վրա մնացել են խնամքի միջոցների մնացորդներ՝ լաք, դոնդողակ և այլն, ապա այս դեպքում ներկը չի ունենում ամբողջական ազդեցություն և նորից ներկելու անհրաժեշտություն է լինում։ Պետք է մազերը լվանալ, չորացնել, ապա ներկել։

Հիշեցնենք, որ մազերը լվանալ չի կարելի ներկելուց անմիջապես առաջ։